Այսօր հուլիսի 19-ին Երեւանում մեկնարկել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, բանակցությունների մեկնարկին նախորդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵՄ կողմից բանակցող պատվիրակության հետ` Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորությամբ:
«Հայաստանի անկախությունից ի վեր, եվրոպական ուղղությունը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Մենք մեծապես կարեւորում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը: Այս առումով Արեւելյան գործընկերությունը հեռանկար է բացում ԵՄ հետ նոր որակի պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի միջոցով, որի մեկնարկն ենք նախաձեռնել այսօր», – ասել է Է. Նալբանդյանը: Նա նշել է, որ Երեւանում հուլիսի 6-ին Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով ենթահանձնաժողովը հաջողությամբ ավարտել է իր առաջին հանդիպումը:
«Մենք ակնկալում ենք, որ այդ ձեւաչափով կառուցողական քննարկումները ճանապարհ կբացեն հնարավորինս շուտ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի կնքման համար: Կարեւորում ենք նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները` որպես Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս», - ընդգծել է Է. Նալբանդյանը:
ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնի ուղերձը բանակցությունների մեկնարկի կապակցությամբ:
Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո, այն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկամյա ժամկետով: Ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին:
Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:
Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան երեք թեմատիկ խմբերով, որոնք կբանակցեն քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատությունների, ինչպես նաեւ տնտեսական, ֆինանսական, մշակութային, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:
ՀՀ կողմից բանակցային գործընթացի կազմակերպման նպատակով 2010թ. հուլիսի 15-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություն, ըստ որի, ՀՀ կողմից բանակցությունների համակարգողն է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցողն է ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:
Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Տնտեսական, ֆինանսական ոլորտներում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է ֆինանսների փոխնախարար Մուշեղ Թումասյանը:
Մեկնարկային հանդիպմանը հետեւել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Գունար Վիգանդի համատեղ մամուլի ասուլիսը:




























