Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «անարդյունք» է որակել հուլիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ կայացած բանակցությունները:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը չի ցանկանում կարգավորել ԼՂ խնդիրը»,- հայտարարել է նա, հավելելով, որ «բոլոր դեպքերում, Լաչինի ու Քելբաջարի վերադարձման ժամկետների վերաբերյալ խոսակցությունը չստացվեց»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելը չի կարող թեմա լինել հետագա բանակցություններում»:

«Հայերն ունեն անկախ պետություն` Հայաստան: ԼՂ հայերի ինքնորոշումը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության շրջանակներում»,- ասել է նա:

Նկատենք, որ Էլմար Մամեդյարովը չի մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների հուլիսի 17-ին Ալմաթիում արած հայտարարությունը, որը թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի քաղաքագետները համարում են քար` նետված Ադրբեջանի կողմը: