Կալիֆորնիական Սան Ֆրանցիսկո քաղաքում մարտի 10-ին երեկույթ կանցկացվի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմայով, բանաստեղծական ոճով գրված «Ինչպես ջուրը քարի վրա» վեպի հեղինակ Դանա Ուլրաթի մասնակցությամբ:

Ըստ «Asbarez» պարբերականի, միջոցառումը կազմակերպվում է Ցեղասպանության թեմայով ուսուցման ծրագրի (GenEd) եւ կալիֆորնիական Բերքլիի համալսարանի Հայկական հետազոտությունների ծրագրի կողմից:

Վեպը պատմում է 14-ամյա երկվորյակներ Շահենի եւ Սոսիի մասին, որոնք լեռներն են փախչում, երբ օսմանյան փաշաները սկսում են իրագործել հայերի կոտորածի իրենց ծրագրերը: Երկվորյակ որբերը եւ նրանց կրտսեր քույրը ցերեկը թաքնվում են, իսկ գիշերը կտրում-անցնում լեռնային կիրճերն ու արյունից կարմիր դարձած գետերը:

Լիրիկական լեզուն Հայոց ցեղասպանության նկարագրությանը մոգական իրականության երանգ են տալիս, իսկ այդ ընթացքում արծիվը հետեւում է երեխաների փախուստին: