Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման էլ Հայաստանը կարող է զարգանալ թե՛ անվտանգության տեսանկյունից, թե՛ տնտեսապես, թե՛ նաեւ ժողովրդագրական վիճակի բարելավման առումով, եթե երկրում ձեւավորվի ժողովրդի իշխանություն՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հակադարձելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀՇ համագումարում արած հայտարարությանը: «Հարգելով Տեր-Պետրոսյանի սկզբունքայնությունն՝ իր տեսակետները միշտ անփոփոխ պահելու գործում, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ չեմ ընդունում նրա տեսակետը»,-նշեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումն ու ժողովրդագրական վիճակի բարելավումը կարող են բերել ԼՂ խնդրի լուծման, եւ որոշակի դրական ազդեցություն ունենալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում: «Մեզ մոտ ձեւավորվել է քրեաօլիգարխիկ պետություն, եւ դա է պատճառը, որ մենք չունենք տնտեսական զարգացում: Տնտեսական զարգացումը ենթադրում է տնտեսական ազատ մրցակցություն, ժողովրդագրական վիճակը ենթադրում է առաջին հերթին երկրում սոցիալական արդարություն, եկամուտների համաչափ բաշխվածություն, այդ թվում եւ պետբյուջեում, որը ժողովրդագրական առումով այնպիս իրավիճակ է ստեղծում, որի արդյունքում արտագաղթը նվազում է»,-նշեց պատգամավորը:
Նա նաեւ հավելեց, որ երկրում շատ բան կարող է փոխվել, եթե իսկապես ունենանք ժողովրդի կողմից, այլ ոչ թե քրեաօլիգարխիկ սկզբունքով ձեւավորված քաղաքական համակարգ:
Հարցին, թե ինչպե՞ս հասկանալ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, դա իրականությունից կտրված լինելու հետեւա՞նք է, թե այլ հիմք ունի, Մարտիրոսյանն արձագանքեց. «Չեմ ասի, որ դա իրականությունից կտրված հայտարարություն է, նա իրականությունն այդ ձեւով է տեսնում: Դա կարծիք է, որը իրավունք ունի գոյություն ունենալ: Քանի որ այսօրվա իրականության հիմքերը գալիս են դեռեւս 90-ականներից, ապա Տեր-Պետրոսյանն այս կարծիքն է հայտնել նաեւ ելնելով այդ հանգամանքից, որ ինչ իշխանություն էլ լինի, մեկ է՝ որեւէ բան փոխել հնարավոր չի լինելու: Իսկ ես պնդում եմ, որ հնարավոր է փոխել՝ առանց ԼՂ խնդրի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում մասնավորապես նշել էր, թե «առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»:




























