Պետեկամուտների կոմիտեի հրապարակած ապառքների աճ ունեցող ընկերությունների ցանկում նշված է «Սինոփսիս Արմենիայի» անունը, որի ապառքը կազմում է 281 մլն դրամ (մոտ 770 հազ. դոլար)։ Այս տեղեկատվությունը փոքր-ինչ զարմանալի էր, քանի որ ընկերությունը գործարար եւ հասարակական շրջանակներում հիմնականում բարեկեցիկ եւ թափանցիկ աշխատող ընկերության համբավ ունի։

«Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը NEWS.am-ին զարմանք հայտնեց, որ իր ղեկավարած ընկերությունը հայտնվել է այդ ցանկում։ Նրա տեղեկացմամբ՝ ընդհակառակը, պետությունը երկար տարիներ չի վերադարձրել ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտքը, որի վերաբերյալ նույնիսկ դատական գործընթացներ են եղել։ «Դա դատարանի վճռով է ամրագրվել, որ մենք մեր ընթացիկ հարկային մուծումների հաշվին հաշվանցումներ ենք կատարում, մինչեւ որ պետության պարտքը լիովին մարվի։ Եւս 2-3 ամիս՝ եւ այդ պարտքը լիովին կմարվի»,- ասաց Մուսայելյանը։

Նշենք, որ պետության պարտքը «Սինոփսիս Արմենիային» առաջացել է մինչեւ 2008 թ. ավելացված արժեքի հարկի գծով գերավճարներից։