Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 19-ին ընդունել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը եւ նշել, որ նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, եւ այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը, ՀՀ նախագահին ներկայացնելով Հիմնադրամի ծրագրերը, նշել է, որ նախատեսում են ընդլայնել գործունեության շրջանակներն ու այսուհետ եւս ուժերի ներածին չափով նպաստել Հայաստանի զարգացմանը:
«Փյունիկ»-ը, գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում` սերտորեն համագործակցելով նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանին է նվիրել Հիմնադրամի կողմից ձեռք բերված Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը:




























