Nokia-ի սմարթֆոնները եւ Google Android համակարգով աշխատող բջջային հեռախոսները արդեն աշնանը կկարողանան ինտերնետում ճանաչել հայերեն կայքերը: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի  հայաստանյան մասնաճյուղի ինֆորմացիոն ծրագրերի համակարգող Անդրանիկ Մարկոսյանը։ Հեռախոսների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ մոդելները շուկայում բավականին մեծ տեղ են զբաղեցնում, իսկ առաջիկա տարիներին, ըստ Մարկոսյանի, դրանք շուկայում մեծամասնություն են կազմելու:

«Այսօր հայերեն էջերը հնարավոր է կարդալ միայն IPhone-ների միջոցով, այլ հեռախոսների պարագայում, ինտերնետ մտնելիս, հայերեն էջերը բացելիս տառերի փոխարեն քառակուսիներ  են երեւում եւ ոչինչ հնարավոր չէ կարդալ»,-ասաց Մարկոսյանը` ավելացնելով, թե փաստորեն ստացվում է այնպես, որ հայկական կայքերը հայերեն լեզվով հասանելի են միայն համակարգիչներից օգտվողների համար:

Մարկոսյանի խոսքով` վերջերս «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղը մրցույթ էր հայտարարել՝ հայալեզու բջջային օպերացիոն համակարգերի մշակման համար։ Հայկական ՏՏ ընկերությունները որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում դրա նկատմամբ:

«Մրցույթի մասնակիցները Smart Phone-ների` խելացի հեռախոսների, համար առաջարկել են տարբեր ծրագրային լուծումներ, որոնք հնարավորություն կտան բջջային հեռախոսներով կարդալ հայերեն վեբ կայքերը»,- ասաց Մարկոսյանը` նշելով, որ արդեն իսկ ամփոփվում են մրցույթի արդյունքները։ Շուտով կկնքվի պայմանագիր եւ հայաստանյան ընկերություններից մեկի առաջարկած ծրագրային լուծումը արդեն աշնանը բջջային հեռախոսներին թույլ կտա ինտերնետում կարդալ  հայերեն տառերը: