Ոչ ոք չի կարող Իրանին մեղադրել այն բանում, որ նրա միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ չի կրում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է ԻՐՆԱ գործակալությունը։
«Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրները, ինչպես նաեւ նրանք, ովքեր փորձում են Իրանի միջուկային խնդրի լուծումը կապել անվտանգության հետ, շատ լավ տեղյակ են իրանի ժողովրդի եւ կառավարության իրական խաղաղ նպատակների մասին»,- մեջբերում է նախագահի հայտարարությունը ՏԱՍՍ-ը։
«Իրանի ժողովուրդը ճնշման է ենթարկվում միայն այն բանի համար, որ պաշտպանում է քաղաքացիական նպատակներով միջուկային տեխնոլոգիաները զարգացնելու իր անքակտելի իրավունքը»,- հավելել է Ռոհանին։ Նա վստահ է, որ Արեւմուտքը քննադատում է գիտության ոլորտում առաջընթացը, որպեսզի ճնշում գործադրի ավելի քիչ զարգացած երկրների վրա՝ այդ երկրներում տնտեսական լճացումն ու գործազրկության մակարդակը բարձր պահելու նպատակով։ Նախագահը կոչ է արել անկախ պետություններին համատեղ քաղաքականություն մշակել այդ միտումներին հակադարձելու համար։
Խոսելով «ուղեղների արտահոսքի» մասին՝ Իրանի Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը ընդգծել է, որ այդ խնդիրը հնարավոր չի լինի լուծել այնքան ժամանակ, քանի դեռ չզարգացած տնտեսությամբ այդ պետություններում չեն մշակել գիտության եւ արդյունաբերության կապը կարգավորող բարեփոխումներ։
Չզարգացած տնտեսությամբ երկրների այլ կարեւոր խնդիրներից են աղքատությունը եւ գործազրկությունը, որոնք բարեհաջող միջավայր են ստեղծում աշխարհում ծայրահեղականության եւ բռնության տարածման համար։





























