ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Հարավային Օսիայի հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին: Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից, հեռագրում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ընդունեք իմ խորին ցավակցությունը Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգության՝ ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին մարդիկ, այդ թվում եւ` երեխաներ:

Մենք ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավը: Վշտի այս ծանր պահին անկեղծ ցավակցություն եւ զորակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, հուլիսի 18-ին Հարավային Օսիայի Տրանսկամ ավտոմայրուղով սլացող ավտոբուսը շեղվել է ճանապարհից եւ շուռ եկել: Վթարի հետեւանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում 2 երեխա: Տուժողների թվում են Հարավային Օսեթիայի, Հյուսիսային Օսեթիայի, Դաղստանի, Չեչնիայի քաղաքացիներ: Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառ է հանդիսացել ավտոբուսին հանդիպակաց  սլացող «ԿամԱԶ» բեռանատարը: Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են վարորդն ու 23 ուղեւոր: