Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ու ոստիկանության աշխատակիցները կանխել են «Մարիխուանա» տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, թմրանյութը հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի Ռոբերտ Մարտիրոսյանի անունով ԱՄՆ-ից ստացված ծանրոցում: Ռ. Մարտիրոսյանի բացատրության համաձայն` թմրանյութը նախատեսված է եղել սեփական օգտագործման համար: Գործով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության ՔԳՎ:
Թմրանյութի ներկրման մեկ այլ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում: Մաքսավորներն այն հայտնաբերել են, այսպես ասած, ոչ ավանդական թաքստոցում` մարմնի մեջ: Ի դեպ, վերջերս, մաքսային հսկողությունն իրենց պատկերացմամբ առավել արդյունավետ շրջանցելու համար, մաքսանենգները սկսել են որպես թաքստոց օգտագործել սեփական մարմինը: Այդպիսի երկու դեպք արձանագրվել էր նախորդ տարի: Այս անգամ նման ճանապարհով ափիոն էր փորձել ներմուծել իրանահայ Երանուհի Շահնազարյանը: Մոտ 40 գրամ ափիոնը վերջինս թաքցրել էր սեփական մարմնում:
Թմրանյութի ներմուծման մյուս դեպքը եւս կանխվել է Մեղրիի մաքսակետում. իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը` ՄԴՊ եւ ԿՄՀ վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Ամիր Աբբասին: Արդյունքում վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված ափիոն:
Կատարվում է քննություն:




























