Apple ընկերությունը ծրագրում է Դանիայում ստեղծել մոլորակի ամենամեծ տվյալների կենտրոններից մեկը: Այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ-ին:
Կենտրոնը, որը տեղակայվելու է Վիբորգ քաղաքում, էներգիան ամբողջությամբ ստանալու է վերականգնվող աղբյուրներից: Իսկ ջերմության ավելցուկը ծրագրվում է փոխանցել քաղաքային ջեռուցման ցանցին, ինչը թույլ կտա կրճատել շրջակա միջավայրի համար բացասական հետեւանքները: Ընդհանուր առմամբ, 850 մլն եվրոյի ներդրում է կատարվելու, իսկ կենտրոնի կառուցումը կտեւի շուրջ 10 տարի:
Ըստ Informing-ի, ներկայում սա ամենամեծ օտարերկրյա ներդրումային նախագիծն է Դանիայում: «Սա լուրջ աջակցություն կլինի դանիական տնտեսության համար»,- ասել է երկրի Առեւտրի եւ զարգացման նախարար Մոգենս Ենսենը: Նրա խոսքով, Դանիան կարողացավ ճիշտ հարաբերակցություն գտնել էներգետիկ քաղաքականության եւ բիզնես-միջավայրի միջեւ, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Նշենք, որ տվյալների նման կենտրոն կառուցվելու է նաեւ Իռլանդիայում: Նախագծի ներդրումների ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 1 մլրդ եվրո: Դրանք լինելու են Եվրոպայում Apple-ի խոշորագույն ներդրումները:





























