Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել Ղարաբաղի վերաբերյալ իր նախկին տեսակետից ու ՀՀՇ համագումարում արած հայտարարությունը նրա 1997 թվականի հայտնի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի շարունակությունն է՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեուն Տեր-Պետրոսյանի  հայտարարությանը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նա համամիտ չէ Տեր-Պետրոսյանի հայտնած մտքին եւ կարծում է, որ «Հայաստանը պետք է մինչեւ վերջ հետապնդի ԼՂ  հարցի լուծումը»:

«Հայաստանը կարող է զարգացում ունենալ նաեւ միջազգային պայմանագրերով, երկրի ներսում ժողովրդավարության զարգացմամբ: Եւ եթե անգամ չզարգանա էլ, ապա Լեռնային Ղարաբաղի հաշվին որեւէ հարց, թեկուզեւ հայ-թուրքական հարաբերությունները, չի կարող լուծվել»,-ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանի նման հայտարարությունը գալիս է նրանից, որ առաջին նախագահը նոր ասելիք չունի եւ կրկնում է նախկինում հայտնած մտքերը: «Նա երեւի ասելիք չունի, դրա համար էլ կրկնում է նույն բաները, որոնք այն ժամանակ դարձան իշխանությունից նրա հեռացման պատճառը: Իսկ ավելորդ կրկնությունները, ինչպես հայտնի է, վերածվում են տաֆտալոգիայի»,-նշեց պատգամավորը: Ռաֆիկ Պետրոսյանը նաեւ հավելեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը հասարակությունը պետք է արձագանքի՝ ժխտելով  նրա կողմից առաջ քաշված տեսակետը: 

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում մասնավորապես նշել էր, որ «առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: