Ադրբեջանում այս շաբաթվա ընթացքում նոր ընդդիմադիր բլոկ է ստեղծվելու: Այս մասին ըստ Trend-ի, հայտարարել է Քաղաքացիների եւ զարգացման ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Ալիեւը: Նա նաեւ մեկնաբանություններ է տվել կապված «Ազադլիգ» բլոկի փլուզման եւ իր կուսակցության ակտիվության նվազման հետ:

«Մենք չենք ուզում քննարկել, թե ինչ է տեղի ունեցել «Ազադլիգ»-ի ներսում: Ներկա պահին մենք աշխատում ենք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափի շուրջ: Կուսակցության ներսում ընթանում է թեկնածուների ընտրություն եւ ցուցակի կազմում: Ամենագլխավոր խնդիրներից է այն, թե ով է մասնակցելու ընտրական բլոկում»,- ասել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ «Ազադլիգ» բլոկում ներկայացված էին 3 ընդդիմադիր կուսակցություններ. Ադրբեջանի ազգային ճակատը, Ադրբեջանի լիբերալ կուսակցությունը եւ Քաղաքացիների եւ զարգացման կուսակցությունը:

Հուլիսի 13-ին, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի ազգային ճակատը միասնական ընտրական ցուցակ է կազմում  «Մուսավաթ» կուսակցության հետ, բլոկի մյուս երկու կուսակցությունները հայտարարեցին, որ դադարեցնում են «Ազադլիգ» բլոկի գոյությունը:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2010-ի նոյեմբերի 7-ին: Նախորդ ընտրությունները կայացել են 2005-ի նոյեմբերին: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրկարգով, 125 ընտրատարածքներում: