Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդին։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը։
Ողջունելով հյուրերին` վարչապետն ընդգծել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կարեւորությունը բարեփոխումների իրականացման գործում։
Զրուցակիցները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում պետական մարմինների զարգացման համապարփակ ծրագրի իրականացման մանրամասներ։ Այդ համատեքստում կարեւորվել է կարողությունների զարգացման ուղղությամբ ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի արդյունավետ գործակցությունը ՀՀ պետական գերատեսչությունների հետ, ինչը կնպաստի կառավարման համակարգում բարեփոխումների հաջող իրականացմանը ու վարչարարության արդյունավետության բարձրացմանը։
Գունար Վիգանդը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ողջույնները եւ հրավիրել է վարչապետին այցելել Բրյուսել` Եվրոպական հանձնաժողով։




























