Ճապոնացի գիտնականները գերհստակ ատոմային ժամացույց են ստեղծել, որը կարող է 16 մլրդ տարի շարունակ անսխալ ցույց տալ ժամանակը: Ճապոնական լրատվամիջոցների վկայությամբ, նշված ժամանակահատվածում դրանք կարող են ընդամենը 1 վայրկյան սխալվել:

Ըստ Informing-ի, նոր սարքի մշակմամբ զբաղվել են Տոկիոյի համալսարանի աշխատակիցները՝ պրոֆեսոր Հիդետոսի Կատորիի գլխավորությամբ: Դրա հիմքում ստրոնցիումի սառեցված ատոմներից կազմված մատրիցա է, որոնք ամփոփված են լազերային փնջերից կազմված օպտիկական ցանցի մեջ: Այդ ատոմների ջերմաստիճանը հավասար է 180 °C-ի:

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռել անհավատալի հստակության հասնել եւ ատոմային նոր ժամացույցն իր հստակությամբ ավելի քան հազար անգամ գերազանցել է ներկայում կիրառվող «էտալոնային» ատոմային ժամացույցին:

Գիտնականների հավաստմամբ, իրենց հայտնագործությունը կարելի է օգտագործել մեր մոլորակի ձգողականության դաշտը չափելու համար: Դա, իր հերթին, թույլ կտա ընդլայնել երկրակեղեւում տեղի ունեցող գործընթացների մասին գիտելիքները եւ ավելի հստակ կանխատեսել տարերային աղետները: