Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները մեծ ծավալի տեղեկատվության կարիք ունեն եւ պահանջում են՝ քննությունն արագ ընթանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ իհարկե, քննության վերաբերյալ տուժողի իրավահաջորդները որոշակի տեղեկատվություն ստանում են, սակայն դա քիչ է։
«Ավելի մեծ ծավալի տեղեկատվություն են պահանջում, հնարավոր է՝ պահանջված տեղեկատվության մի մասն էլ գործում առկա չլինի ընդհանրապես։ Մյուս կողմից տուժողի իրավահաջորդները ցանկանում են, որ քննությունն արագ ընթանա»,- ասաց փաստաբանը։
Ավետիսյանների ընտանիքի դուստր Լուսինե Ավետիսյանն էլ նշեց, որ իրենց միակ ցանկությունն է ստանալ տեղեկատվություն քննության ընթացքի վերաբերյալ։
«Անհանգիստ վիճակ է ինձ մոտ, իմ ընտանիքի մոտ։ Ես շատ եմ խնդրում, որ եթե ինչ-որ բան կա, թող կանչեն ու ինձ ասեն, ես իմանամ, այլ բան չեմ պահանջում։ Ստույգ տեղեկատվություն եմ ուզում, եւ որ քննությունն էլ արագ ընթանա։ Ուզում եմ իմանալ՝ ինչի իմ տունը, ինչի իմ ընտանիքը»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։
Տուժողի իրավահաջորդ Եգոր Ադամյանը՝ Լուսինե Ավետիսյանի ամուսինն էլ հայտնեց, որ իրենց ընդամենը երկու փորձաքննության պատասխան է տրամադրվել։
«Ընտանիքի անդամների դեղերի փորձաքննության, ինչպես նաեւ Պերմյակովի եւ իր հետ հերթապահություն իրականացնող անձանցից վերցված փորձանմուշների պատասխանները, որի համաձայն՝ նրանց արյան մեջ ալկոհոլ, թմրանյութ չի հայտնաբերվել»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ.-ի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):
Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:





























