Երեւանի փողոցներն այսուհետ կասֆալտապատվեն եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքների ընթացքում արդեն օգտագործում է «Շմա» կոչվող եվրոպական նոր ու ժամանակակից տեխնոլոգիան:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, մայրաքաղաքի 2 փողոցներ արդեն ասֆալտապատվում են այս տեխնոլոգիայով: Նոր մեթոդի առավելությունը ասֆալտբետոնյա ծածկույթի դիմացկունությունն ու երկարակեցությունն է: Մասնագետները վստահեցնում են, որ այս մեթոդով կատարված ասֆալտապատումը 15 տարվա երաշխիք ունի:
Մայրաքաղաքում նման մեթոդով այսօր արդեն ասֆալտապատվում է 7000 քմ մակերես: Ներկայում աշխատանքներն ընթանում են Իսահակյան փողոցի Բաղրամյան-Մաշտոց հատվածում: «Գիտության, նոր տեխնոլոգիայի նոր հայտնագործությունների ներդրում է այսօր տեղի ունենում Երեւանում: Նման տեխնոլոգիան Եվրոպայում արդեն մի քանի տարի է, ինչ կիրառվում է: Մոսկվայում այս մեթոդով 2 տարի է, որ աշխատում են: Երեւանն էլ ետ չի մնում Եվրոպայից»,-նշել է Երեւանի քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը:
Ասֆալտբետոնյա այս մեթոդով կատարված ծածկույթի երկարակեցության գաղտնիքը ասֆալտի բաղադրության մեջ կիրառվող նոր նյութերն են: Ավազախճային խառնուրդը պարունակում է ավազ, խիճ, հանքային փոշի եւ ցելյուլոզ:
«Խառնուրդը շատ է տարբերվում նախկինից: Ավազի քանակությունը հասցված է նվազագույնի: Նախկին 40-50 տոկոսի փոխարեն այստեղ 15-20 տոկոս է: Խառնուրդի բաղադրության մեջ նաեւ ցելյուլոզա է օգտագործվում` 0,2-0,3 տոկոս, որը, ինչպես նաեւ ավազի քիչ պարունակությունը ապահովում են, որ հետագայում ասֆալտի ծածկույթը ճաքեր, ալիքներ չտա»,- նշում են մասնագետները:
Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի խոսքով` հաջորդ տարիներին արդեն Երեւանի նորակառույց բոլոր ճանապարհները կասֆալտապատվեն հենց այս տեխնոլոգիայով:




























