Հուլիսի 19-ին Ժնեւում Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ կարեւորվել է 2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: ԱԺ նախագահի խոսքով` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաեւ տնտեսական բնագավառում: Երկու բարեկամ երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը ավելի խորացնելու եւ զարգացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը Ալի Լարիջանիին հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Կողմերը կարեւորել են միջազգային կառույցներում համագործակցությունը եւ երկուստեք նշել, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ ճգնաժամերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված եւ շրջահայաց մոտեցումներով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրին: Երկու խորհրդարանների նախագահները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
ՀՀ խորհրդարանի նախագահի հաջորդ հանդիպումը Աարաբական միացյալ էմիրությունների Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի հետ էր: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: Նա գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում եւ կարեւորել է առեւտրատնտեսական համագործակցության ձեռքբերումները: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները:
ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում:



























