ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիթա Պրունարիուին եւ տարբեր ոլորտներում ծրագրային ապահովմամբ զբաղվող ռումինական «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչներին:  

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները   նշել է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը բավարար չէ եւ այն զարգացման լայն հնարավորություններ ունի:  Ըստ նախարարի, համագործակցությունը պետք  է տեղափոխել ավելի գործնական դաշտ եւ ընդլայնել համագործակցության ոլորտները:

Մ.Վարդանյանը հանդիսանալով նաեւ Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը չի բացառել, որ ընկերության ներկայացվելիք առաջարկները կքննարկվեն համատեղ նիստի ընթացքում:

Տիկին դեսպանը եւս ընդգծելով երկկողմ տնտեսական համագործակցության ոչ բավարար լինելը, հույս հատնեց, որ «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչների այցը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը:

Վերջում կողմերը պայմանավորվել են, որ տարբեր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքները ընկերության ներկայացուցիչներն ամփոփ կներկայացնեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: