Այսօր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում խստորեն քննադատել է կենսաթոշակային բարեփոխումների օրենքների փաթեթը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է հունիսի կեսերին։ «Ինձ զարմացրեց այդ օրենքների էությունը։ Մարդիկ, որ երբեք կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, մշակել են օրենքներ, իսկ ԱԺ-ում, մարդիկ, որ բան չեն հասկանում ոլորտից, ընդունել են դրանք»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Նրա խոսքով՝ օրենքների փաթեթում կարելի է հանդիպել ամեն ինչի, բացի կենսաթոշակների որոշման հիմնական սկզբունքներից, ինչպես օրինակ՝ ռասսայական խտրականության բացառումը, կրոնական համոզմունքների կապ չունենալը կենսաթոշակի հետ եւ այլն։

Բագրատյանի հաշվարկներով՝ աշխատավարձից 5 տոկոս հատկացումը (երբ եւս 5 տոկոս կավելացնի պետությունը) կենսաթոշակային տարիքում կապահովի թոշակ աշխատավարձի 25 տոկոսի չափով։ Նրա կարծիքով՝ կենսաթոշակի չափը պետք է հստակ փոխկապակցել միջին աշխատավարձի հետ, այնպես, որ կենսաթաշակ/աշխատավարձ հարաբերակցությունը չգերազանցի 35 տոկոսը։ Այն երկրներում, որտեղ կենսաթոշակը գերազանցել է միջին աշխատավարձի 50 տոկոսը, մարդիկ կորցրել են աշխատանքի մոտիվացիան։ Որպես օրինակ նշվեց Հունաստանը, որտեղ կենսաթոշակի չափն ավելին է, քան Գերմանիայում, սակայն աշխատավարձը 3 անգամ պակաս է գերմանացու միջին աշխատավարձից։ Ուկրաինայում եւ Ռուսաստանում թոշակները հավասար են, սակայն Ռուսաստանում աշխատավարձը 3 անգամ ավելի բարձր է։ Բագրատյանի գնահատմամբ՝ Ռուսաստանն ավելի չափավոր քաղաքականություն է վարում։

Կենսաթոշակների պարտադիր ապահովագրմանը Հայաստանը անցում կկատարի 2014 թ. հունվարի 1-ից։ Կստեղծվի կենսաթոշակների վճարման քառաստիճան համակարգ։  Առաջին աստիճանում սոցիալական թոշակ կտրվի այն անձանց, որոնք մինչեւ 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն։

Երկրորդ աստիճանում թոշակի իրավունք են ստանում 5-ից ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող անձինք, որոնք ժամանակին կատարել են սոցապհատկացումներ։ Երրորդ աստիճանը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն է։ Չորրորդ աստիճանում թոշակ կտրվի այն անձանց, որոնք կամավոր մուծումներ են կատարել հատուկ հաշիվների վրա։