Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանին անհանգստացնում է այն փաստը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնասպանության եւ դժբախտ պատահարների դեպքերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Այս կապակցությամբ նա նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում մասնավորապես ասվում է.

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնասպանության եւ դժբախտ պատահարների դեպքերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. 2010-ի ապրիլի 30-ին դատապարտյալ Սուրեն Ավետիսյանը եւ 2010-ի հունիսի 9-ին ժամը 12:20-ին դատապարտյալ Վարուժան Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպան են եղել, 2010-ի հուլիսի 16-ին կալանավոր Արամ Հակոբյանը հոսանքահարումից մահացել է:

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի պատճառների վերաբերյալ եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրանց վերացման, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակը վերահսկելի դարձնելու ուղղությամբ: Խնդրում եմ արդյունքների մասին հայտնել ինձ»: