Այսօր` հուլիսի 20-ին Կառավարությունում ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ կայուն զարգացման ռազմավարությունը:
Խորհրդակցությունը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ՀՀ նախարարությունների, շահագրգիռ մարմինների եւ Հանրային խորհրդի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը զեկուցել է, որ փաստաթուղթը լրամշակվել է ներկայացված առաջարկություններով, եւ կատարված փոփոխությունները համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակություն գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման հարցի շուրջ։ Կառավարության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից իրականացվելիք «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»` կարեւորելով դրա նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։
Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ռազմավարության վերաբերյալ վերջնական առաջարկությունները եւ դիտողությունները։



























