Անթալիա գնում են ճաշ ուտողները, նորմալ մարդն այնտեղ չի գնա: Այսպիսի կտրուկ հայտարարությամբ այսօր` հուլիսի 20-ին հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Հայաստանն աստվածային տարածք է: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է թողնել հարազատ երկիրը եւ սեփական կամքով գնալ ինչ-որ Անթալիա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքն անձամբ նախընտրում է հանգստանալ տանը:
Երբ խոսք գնաց ընդհանրապես արտագաղթի մասին, Բոստանջյանը էլ ավելի կտրուկ արտահայտվեց. «Այդպես են վարվում մարդիկ, որոնք թեթեւ կյանք են որոնում: Յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է: Նրանք ծնվել են հայ եւ պետք է այդպիսին մնան: Բազմագույն մարդիկ բազմագույն կյանք են որոնում Արեւմուտքում, ի՞նչ կարող եմ ասել: Նրանք թքած ունեն, կլուծվի՞ արդյոք Ղարաբաղի հարցը, թե՞՝ ոչ...»:
Կոալիցիան ներկայացնող պատգամավորի խոսքից կարելի էր եզրակացնել, որ մարդը, ով ցանկանում է լավ ապրել եւ երջանիկ լինել հայկական օլիգարխիայի վերահսկողությունից դուրս, այսինքն երկրից դուրս, ինչպես նաեւ իր հանգիստը կազմակերպել հայ մոնոպոլիստների գրպանը շրջանցելով, նվաստ է եւ արժանի է արգահատանքի:


























