Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը թեքելը լի է մի շարք բնապահպանական վտանգներով եւ խախտում է մի շարք օրենքներ՝ այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, «Սեւան ազգային պարկի» գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը: Նրա խոսքով՝ այսպիսով խախտվում է մասնավորապես «Սեւանի» մասին օրենքը, ինչպես նաեւ «Սեւան» ազգային պարկի գլխավոր հատակագիծը:

«Մեր աշխարհագրությունը այսպիսի տնտեսական նախագծերի դեպքում կարող է փոփոխվել. կարող են սարեր վերանալ, գետեր թեքվել ու ցամաքել: Հարկավոր է վերջ տալ իրականացվող ծրագրին եւ գտնել մեղավորներին»,-ասաց նա:

Բնապահպանի խոսքով՝ Գայլաձորի վտակը դեպի Վայոց Ձորի մարզ թեքելը արվում է մի նպատակով, որպեսզի այդտեղ ՀԷԿ կառուցվի, ինչի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներ՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն եւ Վաղաշեն, կզրկվեն խմելու ջրից: Եւ բացի այդ, Գայլաձորը նպաստավոր միջավայր է՝ իշխան եւ կողակ տեսակի ձկների ձվադրման համար, իսկ վտակն այլ ուղղությամբ թեքելը մեծ վնաս կհասցնի նաեւ այդ ձկնատեսակների բազմացմանը: Եւ բացի այդ, ըստ նրա, այսպիսով մեծ վնաս կհասցվի նաեւ Սեւանա լճին, քանի որ Արգիճին Սեւանը ջրով սնող կարեւոր գետ է: «Մի կողմից մենք Արփա-Սեւան, Որոտան-Կեչուտ ենք կառուցում, մեր բյուջետային միջոցները ծախսում ենք Սեւանի մակարդակի բարձրացման համար, մյուս կողմից Սեւանի ջուրը տանում ենք ինչ-ինչ այլ նպատակներով օգտագործելու համար»,-ընդգծեց բնապահպանը:

Ասուլիսին ներկա բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը հերքեց այն տեղեկությունը, ըստ որի՝ գետի վտակը թեքվում է՝ ՀԷԿ կառուցելու նպատակով: «Գետի հունը թեքելու մասին խոսք լինել չի կարող»,-հայտարարեց Պապոյանը: Նրա խոսքով՝ դեռեւս խորհրդային ժամանակներում ներկայիս Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքի շուրջ 270 հեկտար հողատարածքը ոռոգելու նպատակով, այլընտրանք չունենալով, կառուցվել է Գայլաձոր վտակից դեպի նշված համայնքը տանող ջրատար։ 2009թ. ջրի կորուստները նվազեցնելու նպատակով՝ համայնքի ավագանին դիմել է «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ին՝ նշված ջրատարի խողովակները փոխելու համար, քանի որ դեռեւս 50-ական թվականներին անցկացված ազբեստե խողովակներն արդեն իսկ քայքայված են եղել: Բնապահպանության նախարարության միջամտությամբ ջրատարի խողովակների փոփոխման գործընթացը կասեցվել է: Նրա հավաստմամբ՝ ներկա դրությամբ նշված տարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում՝ մինչեւ հայտնի կդառնան խողովակները փոխելու ուղղությամբ իրականացվող համապատասխան փորձաքննության արդյունքերը:

Նշենք, որ  Արգիճի գետի հունի փոփոխումը մեծ աղմուկ է բարձրացրել  Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն եւ Վաղաշեն համայնքների բնակիչների շրջանում: Նրանք երեկվանից փակել են Երեւան-Վարդենիս մայրուղին եւ պահանջում են դադարեցնել Արգիճի թափվող Գայլաձոր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը: