Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Ericsson շվեդական ընկերությունը դատի է տվել ամերիկյան Apple ընկերությանը արտոնագրային իրավունքների  խախտման համար։ Այս մասին ասված է Ericsson-ի տարածած հայտարարության մեջ։

«Ericsson-ի շատ արտոնագրեր մեծ նշանակություն ունեն 2G, 3G եւ 4G/LTE չափանիշների համար, մյուսները վճռորոշ դեր են խաղում Apple-ի սարքավորումներում»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շվեդական ընկերությունը պնդում է, որ Apple-ը հրաժարվել է դատարանի միջոցով արտոնագրման արդար պայմաններ ստանալու Ericsson-ի առաջարկից։ Դա ստիպել է շվեդական ընկերությանը բողոք ներկայացնել ԱՄՆ Առեւտրի միջազգային հանձնաժողով՝ պահանջելով արտոնագրի իրավունքից զրկել Apple-ի արտադրանքները։

Ericsson-ը նաեւ դիմել է Թեքսաս նահանգի շրջանային դատարան՝ խնդրելով հարկադրել Apple ընկերությանը փոխհատուցել արտոնագրի ապօրինի օգտագործման պատճառով հասցրած վնասը։