Փոխանակ Արգիճի գետի վրա ՀԷԿ կառուցելու (ինչն իմիջիայլոց մեծապես վնասում է տեղի բուսական եւ կենդանական աշխարհի գոյությանը)  եւ գետի ջուրը Վայոց ձորի մարզ հասցնելու, լավ կլիներ Սեւանում մաքրիչ-զտիչ կայաններ կառուցել: Հուլիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզում՝ Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի մասին։

Նրա խոսքով, զարմանալի է, որ հանրապետության նախագահը լռություն է պահպանում Գեղարքունիքի մարզի բնակչությանը, էկոհամակարգին եւ մանավանդ Սեւանա լճին նման ծավալի վնասներ պատճառելու հարցում։ «Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը լռում, ինչո՞ւ նրան չեն զեկուցում ՀԷԿ-ի կառուցման եւ դրա՝ հետագայում ի հայտ եկող վատ հետեւանքների մասին։ Ինչո՞ւ է ստեղծվել նախագահի աշխատակազմին կից Սեւանի հարցերով հանձնաժողովը, եթե այն չպիտի հետեւողականություն ցուցաբերի Արգիճիում եւ հենց Սեւանում ՀԷԿ-ի կառուցման հետեւանքով բազմաթիվ ձկնատեսակների վերացման հարցին»,- հռետորական հարցեր բարձրացրեց Գագիկ Թադեւոսյանը՝ հավելելով, որ վաղուց ժամանակն է հասկանալ՝ Սեւանը մեր ազգային միակ հարստությունն է։

Բնապահպան, ՄԱԿ-ի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ իր հերթին ավելացրեց, որ Արգիճին Սեւանա լիճ թափվող ամենամեծ գետն է, եւ դրա վրա ՀԷԿ կառուցելը խիստ բացասական հետեւանքներ կունենա ինչպես բնապահպանական, այնպես էլ տեղի բնակչության սոցիալ-տնտեսական հարցերի առումով։ «Հայաստանը էներգիայի դեֆիցիտ չունի, եւ ինչպես երեւում է, սա պարզապես շահութաբեր բիզնես է։ Սակայն անթույլատրելի է, որ Սեւանի պահպանության, տեղի բնակչության սոցիալական կայունության հարցերը եւ մի քանի շահագրգիռ անձանց շահերը հավասարակշռվեն»,- ընդգծեց ՄԱԿ-ի փորձագետը՝ ավելացնելով, որ Արգիճիի վրա ՀԷԿ-ի կառուցման եւ գետի ջուրը դեպի Վայոց ձոր ուղղորդելու հետեւանքով առանց ջրի  է մնում ավելի քան 6500 հա ոռոգելի հողատարածք, բացի այդ` վերանում է արդեն իսկ Կարմիր գրքում գրանցված իշխանը։ «Իշխանը ձվադրում է սառը եւ մաքուր ջրերում, իսկ ՀԷԿ-ի կառուցումը իսպառ կվերացնի ձկնատեսակի՝ առանց այդ էլ փոքր թվաքանակը»: