Ռազմաարդյունաբերական համագործակցությունը Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնահերթություններից մեկն է: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով գլխավորում է եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի պատվիրակությունը:
Նրա խոսքով, ներկա փուլում քննարկվում է պիլոտային նախագիծ, որով Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը կներառվի ռուսական նմանատիպ ձեռնարկությունների գործունեության մեջ:
«Հաշվի առնելով, որ այս նախագծի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ղեկավարությունը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել որոշակի արդյունքների այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Ռազմաարդյունաբերական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը նշել է, որ Հայաստանը ցույց է տվել իր հնարավորությունները վերջերս Մոսկվայում կայացած ռազմաարդյունաբերական համալիրի ցուցահանդեսում: «Փոխադարձ հետաքրքրություն կա ուղղաթիռային տեխնիկայի վերանորոգման հարցերում: Հաջողություն կա նաեւ մի շարք այլ նախագծերում, որոնք կապված են գյուղատնտեսության ոլորտի հետ»,- նշել է Բիրյուլինը:
Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ առաջին անգամ Հայաստան է ժամանում ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի այդպիսի ներկայացուցչական պատվիրակություն: Այցելության արդյունքում, նրա խոսքով, մի շարք ուղղություններով ձեռք են բերվել պայմանավորվածություններ:




























