Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը կլինի Ղըրղզստանում տիրող իրավիճակը։ Այս մասին հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Նրա խոսքով, պայմանավորվածություն կա կազմակերպել ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։ «Մենք այժմ մշակում ենք օրակարգը, որն այնուհետեւ կներկայացվի նախագահներին։ Միանշանակ է, որ թեմաներից մեկը կլինի Ղըրղզստանում տիրող իրավիճակի քննարկումը»,- հայտարարեց նա։
Ղըրղզստանում տիրող իրավիճակի հանդեպ ՀԱՊԿ ամորֆության մասին հարցին ի պատասխան Բորդյուժան պատասխանեց, որ «ամորֆության մասին» կարող են հայտարարել միայն նրանք, ովքեր պատկերացում չունեն կազմակերպության աշխատանքներից։
Նշենք, որ հուլիսի 9-ին Ղըրղզստանի իշխանությունները հրապարակել էին անկարգությունների հետեւանքով երկրին հասցված վնասի չափը, որը գերազանցում է 70 մլն դոլարը։



























