Թեեւ հուլիսի 19-ին, ի նշան Արգիճ գետի վրա ՀԷԿ կառուցելու անհամաձայնության, Մարտունու հինգ համայնքների բնակիչներ հավաքվել եւ փակել էին հանրապետության կարեւոր նշանակություն ունեցող՝ Լիճք եւ Ներքին Գետաշեն գյուղերի միջեւ եղած ճանապարհը, Գեղարքունիքի մարզպետը ճանապարհի այդ հատված «բարեհաճեց» գալ միայն 4 ժամ անց։ Նման տեղեկություններով հուլիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ, բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Պայծառ Աղաբաբյանը։
Նրա տեղեկացմամբ, դեպքի վայր ժամանած մարզպետ Նվեր Պողոսյանը հավաստիացրել է, որ տեղյակ չէ Արգիճ գետի վրա ՀԷԿ կառուցելու նախաձեռնությանը, եւ շինարարական աշխատանքներն սկսվել ու ընթացել են առանց իր գիտության։ «Գյուղացիներն, իհարկե, չեն հավատում նրա խոսքերին, որովհետեւ հնարավոր չէր չնկատել այն ծանր տեխնիկան, որը դեռ 2009-ից աշխատում է այդ վայրերում, փորում տարածքը եւ խողովակներ անցկացնում»,- շեշտեց Պայծառ Աղաբաբյանը։
Նրա խոսքով, Արգիճի վրա ՀԷԿ կառուցելով՝ «ոմն օլիգարխ», համայնքի բնակիչների «հացին վայիս» լինելու հաշվին ցանկանում է ավելի հարստանալ, ինչը, սակայն, գյուղացիները թույլ չեն տա։ «ՀԷԿ- ի կառուցման հետեւանքով առանց ջրի է մնում 7 համայնք, իր՝ ավելի քան 30 հազար բնակչությամբ։ Թող հարստանան՝ որքան ուզում են, բայց ոչ մեր թափած քրտինքի հաշվին։ Ինչո՞վ պետք է ոռոգենք մեր հողերը, որոնց մեծ մասն արդեն իսկ էռոզիայի է ենթարկվել»,- մտահոգություն հայտնեց Պայծառ Աղաբաբյանը։
Գավառի «Օրհուս» բնապահպանական-հասարակական կենտրոնի համակարգող Լիանա Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ ինքը համայնքների բնակիչների եւ իրենց կենտրոնի անունից ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու եւ դրա գործարկման դեպքում բնությանը եւ տեղի բնակչությանը հասցվելիք վնասների մասին նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ «Նամակն ուղարկվել է հունիսի 13-ին, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չենք ստացել»,- տեղակացրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ թեպետ Գեղարքունիքի մարզում կառուցապատման ավարտի պատճառով ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները կանգնեցվել են, սակայն դրանք ամբողջ թափով շարունակվում են Վայոց ձորի մարզում։
NEWS.am-ի հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են, ի վերջո, ՀԷԿ-ի իսկական տերերը, Լիանա Ասլանյանը նկատեց։ «Ոչ ոք կոնկրետ անուններ չի տալիս, ոչ ոք չգիտի, թե ով է ՀԷԿ-ի սեփականատերը»:
Հիշեցնենք, որ Մարտունու հինգ համայնքի բնակիչներ երեկ հավաքվել եւ փակել էին Երեւան-Մարտունի ճանապարհը՝ այս կերպ իրենց դժգոհությունը հայտնելով կառուցվելիք ՀԷԿ-ի հանդեպ։




























