Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ մարզպետների փոփոխությունը Հայաստանում «քաղաքական, կուսակցական» որոշում է, քանի որ մարզպետները կուսակցական քվոտայով են նշանակվում։ Տերտերյանն ասաց, որ մարզպետների փոփոխությունը նրանց գործողությունների հետ ուղղակի առնչություն չունի։
Հիշեցնենք, որ այս տարի կառավարության որոշումներով փոխվել են Շիրակի եւ Արարատի մարզպետները։ Ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես չեն մեկնաբանել մարզպետների փոփոխության պատճառները, սակայն նաեւ չեն կարողացել քողարկել, որ նախորրդ մարզպետների աշխատանքից դժգոհ են եղել։



























