Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում հանձնակատար Ֆյուլեն շնորհավորել է  նախարար  Նալբանդյանին ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի առթիվ, նշելով, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը մի շարք ոլորտներում էական առաջընթաց է արձանագրել, ինչը լավ նախադրյալներ է ստեղծել հարաբերությունների հետագա ընդլայնման համար:

Է. Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ որակապես նոր մակարդակի պայմանագրային հարաբերությունների հաստատումը եւ հետամուտ է լինելու այդ ուղղությամբ գործնական քայլերի կատարմանը:  

ՀՀ ԱԳ նախարարը եւ Եվրոպական հանձնակատարը քննարկել են Ասոցիացման համաձայնագրի եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցություններին առնչվող հարցեր: Նրանք մտքեր են փոխանակել ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ: