ՀՀ Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տեղեկատվությունից մասամբ պարզ է դառնում, թե ինչու վերջին շաբաթվա ընթացքում դրամի արժեւորումն արագացավ։ Բանն այն է, որ ԿԲ-ն հուլիսի 13-17-ի ժամանակահատվածում բորսայում որեւէ գործարք չի իրականացրել՝ թույլ տալով, որ դրամն ինքնուրույն լողա։ Քանի որ դրամն այդ ժամանակահատվածում գտնվում էր արժեւորման փուլում, ԿԲ պասիվությունը նպաստել է, որ արժեւորման տեմպն արագանա։ Հուլիսի 16-ին դրամը ֆոնդային բորսայում հասել է իր առավելագույն կետին՝ 1 դոլարն արժեր 363 դրամ։
Նախորդ շաբաթներին ԿԲ-ն «ընդդիմանում էր» դրամի արժեւորմանը՝ շուկայից դոլարներ հավաքելու միջոցով։
Այս շաբաթ փոխարժեքի միտումը արժութային շուկայում փոխվել է՝ դրամը սկսել է փոքր-ինչ արժեզրկվել։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ԿԲ-ն բորսայական գործարքներին այս շաբաթ նույնպես չի մասնակցել, սակայն դրամը թեթեւակի արժեզրկվել է։ Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում դոլարի առքուվաճառքի միջին փոխարժեքը 364,41 էր։ Հնարավոր է՝ դրամը սպառել է արժեւորման իր պոտենցիալը եւ աստիճանաբար կընթանա արժեզրկման ճանապարհով, եթե իհարկե ԿԲ-ն պահպանի իր չեզոքությունը։ Սակայն հարկ է նշել, որ գնաճային բարձր ֆոնի վրա՝ արժեւորումն այն միջոցներից է, որ ԿԲ-ին թույլ է տալիս մասնակի մեղմել գնաճը։



























