Բելառուսի իշխանությունները Հայաստան են արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Սաչկովին, որը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Վիմպելկոմ», «Արմենտել» եւ Velcom հեռահաղորդակցության կապի ընկերություններում։ Սաչկովին «Արմենտելի» մի քանի այլ նախկին ղեկավարների հետ մեղադրում են օպերատորի միջազգային թրաֆիկի փոխանցման «մոխրագույն» սխեմա մշակելու համար։ Սաչկովը մինչ վերջերս զբաղեցնում էր Velcom բելառուսական բջջային օպերատորի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Այս մասին CNews-ին հայտնել է Սաչկովի փաստաբան Արմեն Բաղդասարյանը։ Այս պահին Սաչկովը գտնվում է Երեւանում՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում։ CNews-ը հարցում է ուղարկել Հայաստանի դատախազության մամուլի ծառայություն, սակայն պատասխան չի ստացել։ Իսկ Բելառուսի դատախազության միջազգային իրավական վարչության պետի տեղակալը միայն նշել է, որ Սաչկովի արտահանձնումը ծառայողական տեղեկություն է եւ ենթակա չէ հրապարակման։
Վլադիմիր Սաչկովը ծնվել է Բելառուսում, կրթություն ստացել Կալինինգրադում։ Նա՝ որպես տեխնիկական տնօրեն, աշխատել է «Վիմպելկոմի» հյուսիս-արեւմտյան մասնաճյուղում, իսկ 2009թ. տեղափոխվել է Հայաստան՝ զբաղեցնելով «Արմենտելի» տեխնիկական բլոկի տնօրենի պաշտոնը։
2013թ. «Արմենտելում» կադրային փոփոխություններ տեղի ունեցան, եւ եկավ նոր ղեկավարություն։ Դրանից քիչ անց Սաչկովը տեղափոխվեց Բելառուս։ Սակայն անցյալ տարի ՀՀ ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց «Արմենտելի» նախկին ղեկավարության դեմ՝ մեղադրելով ընկերության միջազգային թրաֆիկի փոխանցման «մոխրագույն» սխեմա մշակելու եւ համապատասխան եկամուտները գողանալու նպատակով հանցագործ խմբավորում ստեղծելու համար։ Հայաստանում այդ գործով ձերբակալվել էր «Արմենտելի» անվտանգության ծառայության նախկին պետ Աշոտ Պողոսյանը, իսկ գործի մյուս, ռուսական քաղաքացիություն ունեցող ֆիգուրանտների հանդեպ հետախուզում էր հայտարարվել։
«Արմենտելի» նախկին ղեկավարներից մեկի խոսքով՝ Սաչկովը չգիտեր իր հանդեպ քրեական հետախուզություն հայտարարելու մասին եւ 2014թ. մայիսին ձերբակալվել էր Բելառուսում Ավստրիա մեկնելու փորձ կատարելիս։
Սաչկովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ հատկապես մեծ չափի վնաս հասցրած ապօրինի ձեռներեցությամբ զբաղվելու, առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրավասությունները չարաշահելու, ծառայողական դիրքը համակարգչային տեղեկությունների փոփոխության համար օգտագործելու եւ համակարգչային սաբոտաժի համար։
Հետաքննությունը պնդում է, որ «Արմենտելի» նախկին ղեկավարությունը ընկերությանը 1.745 մլրդ դրամի չափով, իսկ պետությանը՝ 855 մլն դրամի չափով վնաս է հասցրել։ Փաստաբան Բաղդասարյանը նշում է, որ Սաչկովն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պատրաստվում է ցուցմունք տալ։
Վլադիմիր Սաչկովի կինը CNews-ին հայտնել է, որ Բելառուսից Հայաստան արտահանձնման ժամանակ ՀՀ դատախազությունը հանձնող կողմին գրավոր խոստացել է մեղադրյալին պաշտպանություն ապահովել։ Սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ ԱԱԾ-ն Սաչկովին հնարավորություն չի տվել ներկայացված մեղադրանքների կապակցությամբ պարզաբանումներ կատարել։ Բացի այդ, Ռուսաստանի հյուպատոսարանը, չնայած Սաչկովի հարազատների դիմումներին, նրան այդպես էլ ոչ մի օգնություն չի ցուցաբերել։
«Արմենտելում» հետաքննության ընթացքը ոչ մի կերպ չեն մեկնաբանել։





























