Մայրաքաղաքի տուֆակերտ շենքերի արտաքին մաքրման եւ դրանց վարդագույն երանգը վերականգնելու աշխատանքներ Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել է դեռեւս 2008 թվականից. դեռ այն ժամանակ կարգի բերվեցին Թումանյան, Աբովյան փողոցների, ինչպես նաեւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկի վրա գտնվող 5 շենքեր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հիշեցմամբ հանդես եկավ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը։

Նրա խոսքով, շենքերի արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքներ քաղաքապետարանը կիրականացնի նաեւ այս տարի։ «Աշխատանքները նախատեսվում է սկսել ամենամոտ ժամկետներում՝ Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասից եւ հասցնել մինչեւ նույն պողոտայի ստորգետնյա անցումը»,- տեղեկացրեց Բասենցյանը՝ միաժամանակ հավելելով, որ միայն Մաշտոցի պողոտայում իրականացվելիք աշխատանքների համար քաղաքապետարանը պատրաստվում է 200 մլն դրամ ծախսել։ «Համապատասխան հատվածի նախագծերը եւ նախահաշիվներն արդեն պատրաստ են, մոտ օրերս մրցույթ կհայտարարվի, ինչից հետո էլ կսկսվեն մաքրման աշխատանքները։ Որոշված է, որ մինչեւ մի փողոցում աշխատանքները չավարտվեն, մեկ ուրիշ փողոցում դրանք չեն սկսվի»,- նշեց Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետը՝ շեշտելով, որ շենքերի արտաքին մաքրման աշխատանքերն իրենցով բավական բարդ եւ աշխատատար են։ «Մաքրման աշխատանքները պատվիրված են «Երեւաննախագիծ» ինստիտուտին, որի մասնագետներն էլ սեփական դիտարկումները ներկայացնում են Երեւանի գլխավոր ճարտարապետին, եւ աշխատանքները մեկնարկում են միայն երկկողմ համաձայնության դեպքում։ Այնպես որ, մաքրման աշխատանքներն սկսելուց առաջ յուրաքանչյուր շենք մանրամասն նկարվում է, այդ ուղղությամբ աշխատում են բազմաթիվ դիզայներներ, շինարարական մրցույթ է հայտարարվում, եւ նոր միայն աշխատանքները սկսվում են»,- նշեց Բասենցյանը։

Հարցին, թե արդյո՞ք շարունակական են լինելու շենքների արտաքին մաքրման աշխատանքները, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց. «Կարծում եմ՝ այո։ Նախնական ձեւով դրա համար գումարներ նախատեսվել են։ Սակայն որոշվել է , որ մաքրման աշխատանքներում գլխավորապես պետք է ընդգրկվեն իրենցից ճարտարապետական արժեք ներկայացնող, ինչպես նաեւ աչքի ընկնող, անմիջականորեն փողոցներին նայող  շենքերը»,- ընդգծեց Բասենցյանը՝ նկատելով, որ մայրաքաղաքի անխտիր բոլոր շենքների արտաքին մաքրման աշխատանքները գործնականում անհնար են եւ նույնիսկ՝ անիմաստ։