Լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքող տաքսիստների եւ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի մեկուկես ժամ տեւած հանդիպումից տաքսու վարորդները դժգոհ են մնացել։ Նրանք չեն լռելու, շարունակելու են ամեն օր հավաքվել Կառավարության դիմաց, մինչև իրենց խնդիրներին լուծում չտրվի։
«Մենք 1 ու կես ժամ պարոն Առաքելյանի հետ քննարկեցինք մեր խնդիրները, սակայն ոչ մի ընդհանուր հայտարարի չկարողացանք գալ։ Մեր բողոքն անփոփոխ է մնում և մենք այստեղ ենք գալու այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները չբավարարվեն»,- այսօր՝ մարտի 2-ին, հանդիպումից հետո լրագրողներին ասաց հանդիպման մասնակից վարորդներից մեկը։
Փոխնախաարը, սակայն, հանդիպումն անարդյունավետ չի համարում։ Նա վարորդներին առաջարկել է իրենց բողոք-առաջարկները ամփոփ գրավոր տեսքով ներկայացնել Տրանսպորտի ու կապի նախարարություն՝ նշելով, որ պատրաստ են վարորդների բարձրացրած հարցերի նպատակահարմարությունը քննարկել, և հնարավոր լուծումներ առաջարկել։ Ըստ փոխնախարարի՝ ավելի մեծ արդյունք հնարավոր չէր սպասել այդ հանդիպումից, քանի որ բարձրացված հարցերի մեծ մասը վերաբերում էին օրենսդրական փոփոխություններին։
«Տաքսու վարորդների բարձրացրած հարցերից ոչ բոլորն են վերաբերում Տրանսպորտի նախարարությանը, բայց մենք պատրաստ ենք ամփոփված ձևով ներկայացնել այդ հարցերն ու փորձել լուծում տալ»,-ասաց Առաքելյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր՝ մարտի 2-ին, հարյուրից ավելի տաքսու վարորդներ կառավարության շենքի դիմաց բողոքում էին տաքսիների լիցենզավորման նոր կարգի դեմ։ Նրանք պահանջում էին մարտի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքի դադարեցում, եւ մինչեւ այդ չլիցենզավորված մեքենաների համար տուգանքների չկիրառում:
Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը: Նոր օրենքով պարտադիր է նաեւ մեքենաների մեջ հաշվիչ սարքեր ունենալը։











