Ոստիկանության  լրատվական ծառայությունից քիչ առաջ հաստատեցին տեղեկությունը, որ այսօր՝ մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով։

Դեպքի վայրում աշխատող NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանության տվյալով՝ 43-ամյա  Լեւոն Ղազարյանը ստացած հրազենային վնասվածքից մահացել է հիվանդանոցում։

Մյուս մահացածը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով, նա նույնպես մահացել է հիվանդանոցում։

Երրորդ սպանվածի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Նա մահացել է տեղում։ Նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում, որտեղ աշխատում են մեծ թվով ոստիկաններ եւ քննիչներ։ Նա հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոտիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ 2 երիտասարդներին իրենց մոտ տեղափոխել են արդեն հրազենային վնասվածքներից մահացած վիճակում։ Նախնական տեղեկություններով մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: