Օրերս Տաթեւի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում' արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը եւ կավե կուժերը:

Տաթևի Ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում' ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

17-րդ դարի այս Ձիթհանը ոչ միայն պատմական կարեւոր հուշարձան է: Վերականգնման աշխատանքների արդյունքում այն կդառնա նաև զբոսաշրջային արդյունք' այցելուներին ներկայացնելով Տաթեւի տարածաշրջանի հնադարյան մշակույթի եւ խոհարարության ավանդույթներից մեկը: Աշխատանքներն իրականացվում են հետեւյալ երեք փուլերով' նախագծում եւ վերականգնում, հետազոտություն, արդյունքի մշակում եւ ցուցադրում:

Հետազոտական եւ վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախաձեռնությամբ կազմվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով' բաղկացած վերականգնման, ճարտարապետության եւ մշակույթի ոլորտների տեղական եւ միջազգային փորձագետներից:

Ըստ ժամանակացույցի, հուշարձանը կվերանորոգվի հոկտեմբերին' պատրաստ լինելով  ցուցադրության թանգարանային ոճով եւ այցելուներին ներկայացնելով Տաթեւում ձեթի արտադրության ամբողջ պատմությունը: Այնուհետեւ կընթանան մեխանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերականգնում, վանական եւ կրթական ավանդույթների վերականգնում, շրջակա յոթ գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում եւ ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաեւ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցում: