Չինաստանի կառավարությունը որոշել է խստացնել ինտերնետ առեւտրի նկատմամբ հսկողությունը։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի արդյունաբերության եւ առեւտրի վարչության ղեկավարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նման որոշման առիթ է հանդիսացել մեծ քանակությամբ կեղծված ապրանքների առցանց վաճառքը։
«Առեւտրային ինտերնետ հարթակները պետք է իրենց վրա առանցքային պարտավորություններ վերցնեն»,- հայտարարել է վարչության պետը՝ հավելելով, որ այդ ոլորտում կստեղծվեն նոր օրինագծեր եւ առցանց խանութների բազաներ։
Այս տարվա հունվար ամսին առցանց խանութների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Չինաստանի «Տոաբաո» ամենախոշոր առցանց կայքում վաճառվող ապրանքների 1/3-ը կեղծ է։





























