Twitter-ի ղեկավարությունը լրջորեն մտածում է ակտիվ օգտատերերի քանակը մեծացնելու ուղղությամբ։ Ընկերության պլանների մասին պատմել է սոցիալական ցանցի ֆինանսական հարցերով տնօրեն Էնթոնի Նոտոն։

Այսօրվա դրությամբ Twitter սոցիալական ցանցը ունի 288 մլն ակտիվ օգտատեր, այսինքն՝ նրանք, ովքեր գրանցված են կայքում։ Եւս 500 մլն մարդ այցելում է սոցիալական կայք  արտաքին հղումներով։

Ընկերությունն ակտիվ աշխատում է հենց այդ երկրորդ խմբի մարդկանց  կայքի ակտիվ օգտատեր դարձնելու ուղղությամբ։

«Այսօրվա դրությամբ ընկերությունը նրանց համար հասանելիություն է ապահովում դեպի Firehose։ Բացի այդ,  Twitter-ը կարող է ավելի լայն մասշտաբով օգտագործել հրապարակման իր հնարավորությունները եւ չսպասել, որ դա անեն այլ պարբերականները»,- մեջբերում է Informing-ը Նոտոյի հայտարարությունը։

Լսարանը ընդլայնելու աշխատանքները սկսվել են վերջերս եւ արդեն իրենց արդյունքներն են տվել։  Անցյալ ամսվա սկզբին ընկերությունը գործարք էր կնքել Google-ի հետ որոնման համակարգում օգտատերերի թվիթները ցույց տալու մասին։