Եթե նախորդ տարի ՀՀ մաքսակետերում կազմվել է մաքսային կանոնների խախտման 43 արձանագրություն, ապա միայն այս տարվա   6 ամիսների ընթացքում մեզ արդեն հաջողվել է կանխել իրավախախտման 104 դեպք` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը, դա բացատրելով նրանով, որ ապրանքը մաքսային մարմինների հսկողության ներքո է լինում անգամ մինչեւ մաքսազերծման գործընթացով անցնելը: Նրա խոսքով` վերջերս էլ բավականին «նորաձեւ» են դարձել մաքսային ապահովումները չխախտելու եւ տարբեր տեխնիկական հնարքներ բանեցնելու միջոցով մեքենաներն ապօրինի բեռնաթափելու դեպքերը, ինչով փորձում են խուսափել  հետագա մաքսային ձեւակերպումներից: Նման դեպք էր արձանագրվել նաեւ օրերս.

«Այն հատկանշական է նրանով, որ մեր  պրակտիկայում առաջին անգամ մաքսանենգությունը կանխել ենք հենց իրագործման պահին: Այսպես, իրացնելով ստացված տեղեկությունները, մեր աշխատակիցները հուլիսի 16-ին մուտք են գործել Արցախի 47 հասցեում գտնվող առանձնացված պահեստային տարածք, որտեղ տվյալ պահին արդեն բեռնաթափվում էր Մեղրիի մաքսակետով ներմուծված ավելի քան 4,5 տոննա մաքսանենգ ապրանքը: Այն թաքցված է եղել  «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի անունով ներմուծված  13600 կգ մսոսկրային ալյուրով բեռնավորված VOLVO մակնիշի ավտոմեքենայում: Իրավախախտները, վնասելով բեռնախցիկի ամրալարը, առանց մաքսային ապահովումները վնասելու, մաքսանենգ ապրանքը տեղավորել էին բեռնախցիկում: Նշեմ, որ այն բեռնաթափելուց հետո, նրանք մտադիր էին ավտոմեքենան լրաբեռնել նախօրոք պատրաստված եւ պահեստում արդեն իսկ առկա նույնատիպ մսոսկրային ալյուրով, որն ունի ավելի ցածր մաքսային արժեք: Մինչդեռ մաքսանենգ բեռը, որում եղել է 2046 կգ պիստակ, 1660 կգ նաբաթ, 490 կգ սիսեռ, 280 կգ նուշ եւ 50 կգ դդմի կորիզ, ունեցել է  շատ ավելի բարձր` մոտ 11,5 մլն դրամի մաքսային արժեք: Մաքսանենգության կազմակերպիչն է եղել Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ Արման Օհանջանյանը, ով «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի պարսկական կողմի առաքիչն է եւ այժմ ձերբակալված է»:

Նմանատիպ դեպքերը հաշվի առնելով, ըստ Վահրամ Գուրողլյանի, Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից կիրառության մեջ են դրվել  համարակալված նոր` ինքնասոսնձվող եւ մեկանգամյա օգտագործման մաքսային ապահովման միջոցներ, որոնք շրջանառության մեջ մտնելու օրվանից մինչեւ դրանց ոչնչացումը գտնվում են խիստ հաշվառման մեջ. «Ցանկացած մաքսային ապահովման միջոցի համարով այժմ հնարավոր է ասել` օգտագործվե՞լ է այն, թե` ոչ,  որ պահին է պոկվել կամ վնասվել, այսինքն` յուրաքանչյուր կապարակնիք արտադրության օրվանից մինչեւ ոչնչացման պահն ունի իր պատմությունը: Սա նորություն է եւ մեծապես կարող է նվազեցնել իրավախախտումների հավանականությունը»,- հայտնել է Վ. Գուրողլյանը:

Իրավախախտումների տեսանկյունից, նրա հավաստմամբ, ռիսկային սահմանակետ է դիտարկվում նախեւառաջ Մեղրին, քանի որ նրան սահմանակից Իրանը, Աֆղանստանն ու Պակիստանը թմրանյութ արտահանող պետություններ են, այնպես որ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպա եւ Ռուսաստան թմրանյութերի տեղափոխման տարանցիկ ճանապարհ: Միայն Մեղրիի մաքսակետում նախորդ եւ այս տարի կանխվել է թմրանյութի ներմուծման 8 դեպք.  ընդհանուր առմամբ` մոտ կես կիլոգրամ ափիոն եւ ավելի քան 100 գրամ մետամֆետամին: