Որպեսզի «Արենի 1» քարայրից հայտնաբերված հնագույն կոշիկը կոնսերվացման ուղարկենք, նախեւառաջ անհրաժեշտ են բոլոր այն լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները, որտեղ մինչ այժմ քննություն է անցել հնագույն նմուշը. այդ արդյունքները մի տեսակ էպիկրիզներ են, առանց որոնց գտածոն ճշգրիտ կոնսերվացման չի կարող ենթարկվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը։
Նրա խոսքով, մինչ արժեքավոր նմուշը ռեստավրացիոն նպատակներով արտասահման ուղարկելը՝ իրենք պետք է ստանան Օքսֆորդի եւ Կալիֆորնիայի համալսարանների լաբորատորիաների գրավոր ցուցումները, (որտեղ էլ իրականացվել են փորձաքննությունները) որոնցով էլ կոնսերվացման ընթացքում պետք է առաջնորդվեն համապատասխան մասնագետները։ «Ես նամակներ եմ հղել այդ համալսարաններ՝ խնդրելով որքան հնարավոր է արագ ուղարկել կոշիկի փորձաքննությունների արդյունքները, բայց թե երբ կլինեն նամակների պատասխանները, ստույգ չեմ կարող ասել»,- նշեց Անելկա Գրիգորյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ 5500-ամյա գտածոյի վիճակի մասին չարժե անհանգստանալ։ «Նմուշն այն վիճակում է, ինչ վիճակում որ հանձնվել է մեզ, եւ ինչպես մեր կաշվի մասնագետներն են հավատացնում, կոշիկին որեւէ վտանգ չի սպառնում»,- հավաստիացրեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։
Հարցին, թե կոնսերվացման համար ո՞ր երկիր են պատրաստվում ուղարկել գտածոն, Անելկա Գրիգորյանը նշեց, որ թեպետ դա դեռ որոշված չէ, սակայն իր տեղեկություններով ռեստավրացիոն բավական լավ կենտրոններ կան Ուկրաինայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ ավելի քան հինգ հազար հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող կոշիկը Վայոց ձորի մարզի Արենի գյուղի քարանձավներից մեկում հայտնաբերվել էր 2008 թվականի սեպտեմբերին։ Գտածոյի տարիքի մասին են վկայում իրարից անկախ փորձագիտական ուսումնասիրություններ իրականացրած միանգամից մի քանի տարբեր գիտահետազոտական կենտրոններ։




























