«Իսլամական պետություն» շարժման կողմնակիցները ստեղծել են սեփական սոցիալական կայքը, որը ստացել է Сaliphate book անվանումը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Facebook-ում եւ մյուս սոցիալական կայքերում ահաբեկչական խմբավորման հաշիվները արգելափակել էին։

Գործակալության տվյալներով՝ գործարկումից 5 օր անց 5elafabook.com կայքը անհասանելի է, ուստի դեռեւս պարզ չէ, թե ով է այն ստեղծել եւ քանի մարդ է գրանցված այնտեղ։

Կայքի անունը ծագում է արաբերեն khilafa բառից, որը թարգմանաբար նշանակում է խալիֆայություն։ «kh» տառը արաբերենում նշում են 5 թվով։ Կայքը գործում է 7 լեզվով՝ հոլանդերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, թուրքերեն, ինդոնեզերեն եւ ճավայերեն։ Կայքը արաբերենով անհասանելի է։

Կայքի էջում հայտարարություն է տեղադրված, որտեղ ասվում է, որ այն ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, որպեսզի պաշտպանի օգտատերերի մասին տեղեկությունն ու ապահովի նրանց անվտանգությունը։

«5elafabook.com-ը անկախ կայք է։ Այն չի ֆինանսավորվում ԻՊ գրոհայինների կողմից։ Մենք ցանկանում ենք ողջ աշխարհին ապացուցել, որ մենք ոչ միայն զենքը ձեռքներիս շրջում ենք կամ քարանձավներում ապրում ինչպես աշխարհը պատկերացնում է, այլ նաեւ առաջընթաց ենք գրանցում եւ ցանկանում ենք, որպեսզի այդ առաջընթացը համապատասխանի իսլամի ոգուն»,- ասված է կայքում, մեջբերում է Lenta-ն։

Իսլամիստները սոցիալական կայքերը օգտագործում են նոր գրոհայիններ հավաքագրելու եւ տեղեկությունների փոխանակման համար։