Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ֆինանսավորվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) իր երեք տարվա գործունեության արդյունքներն է ամփոփում: Ի՞նչ ձեռբերումներ են ունեցել, ինչպիսի՞ն են ակնկալիքները՝ նաեւ ֆինանսավորումից՝ այս ամենի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցել են նախաձեռնության ղեկավար մարմնի անդամներ Հովակիմ Զաքարյանն ու Սարգիս Հայոցյանը:

Ձեռքբերումների մասով. երիտասարդ գիտնականները համակարծիք են այն հարցում, որ կազմակերպչական բնույթով ծրագիրն աննախադեպ է. ղեկավար մարմնի անդամները ողջ այս ընթացքում աշխատել են հասարակական հիմունքներով եւ սա, Սարգիս Հայոցյանի խոսքով, հիմնադրամի ղեկավարման միանգամայն այլընտրանքային մոտեցում է: Մանավանդ, որ այդ չնչին գումարից ղեկավար մարմնին աշխատավարձ հատկացնելը բացարձակապես չարդարացված շքեղություն կլիներ:

Ինչպես պարզաբանում է Հովակիմ Զաքարյանը, ծրագիրը հնարավորությունների սահմաններում փորձել է բարելավել երիտասարդ գիտնականների կյանքը՝ նրանց համար ստեղծելով Հայաստանում գործունեություն ծավալելու համար քիչ թե շատ ընդունելի պայմաններ: Այս նպատակով ֆինանսավորվել է մասնակցությունը գիտաժողովներին, խրախուսվել է հոդվածների տպագրությունը վարկանիշային ամսագրերում, իրականացվել են մի շարք այլ միջոցառումներ:

Այս ամենն, իհարկե, զգալիորեն չի բարելավել երիտասարդ գիտնականների կյանքը, նշում է Սարգիս Հայոցյանը:

«Պետք չէ Էյնշտեյն լինել հասկանալու համար, որ ո՛չ տարեկան 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհն է  կարող  կոմֆորտի զգացում առաջացնել, ո՛չ 50000 ՀՀ դրամ խրախուսավճարը, ո՛չ գործուղման գումարները և ոչ էլ` սարքավորումներ ձեռք բերելու համար մեկ մլն դրամ գումարը: Այնպես որ, կարծում եմ, որ ոչ, դեռևս երիտասարդ գիտնականները իրենց հարմարավետ չեն զգում իրենց երկրում», – ասում է նա, պատասխանելով այն հարցին, որքանով է Ծրագիրը նպաստել նրան, որ երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց հարմարավետ զգան։

Ծրագրի իրական արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել այն ժամանակ, երբ ֆինանսավորումը կբազմապատկվի եւ կիրականացվի իրապես գիտությանը նվիրված երիտասարդների կողմից: Բայց առաջին քայլն արված է:

Ֆինանսավորման մասին. 2012  թվականին նախագահ Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին աջակցելու համար 100 մլն դրամ է հատկացրել: 2013-ին նախագահը խոստացել է կրկնապատկել ֆինանսավորումը եւ տրամադրել է 200 միլիոն դրամը, բայց այդ գումարի տրամադրումը ձգվել է երկու տարի, ինչի արդյունքում ֆինանսավորումը, փաստորեն, չի փոխվել՝ 100 միլիոն տարեկան: Ինչու այդպես եղավ, Հ.Զաքարյանն ու Ս. Հայոցյանը ասել չեն կարող, քանի որ ոչ մի բացատրություն չեն ստացել այս առնչությամբ: Իսկ որ՞ն է պատրաստ նախագծերի իրականացման համար նախաձեռնությանն անհրաժեշտ գումարը:

«Մոտ ապագայի համար մենք ունենք բազմաթիվ նոր ծրագրեր: Թե ծրագրային, թե կազմակերպչական առումով պատրաստ ենք իրականացնել 450-500 մլն դրամ բյուջեին համապատասխան հին եւ նոր ծրագրեր: Թերեւս սա ֆինանսավորման այն իրական ծավալն է, որ կարող է ունենալ ԵԳԱԾ կառույցը», – ասում է Հովակիմ Զաքարյանը։

 «Ինչ վերաբերվում է իրապես անհրաժեշտ գումարին, կարելի է միանշանակ պնդել, որ արդեն փորձարկված ծրագրերի լիարժեք իրականացման համար, անհրաժեշտ է առնվազն երեք անգամ անգամ ավելի մեծ գումար: Սակայն անհրաժեշտ է միանշանակ ֆիքսել, որ սա վերաբերվում է մինչ այժմ իրականացված ծրագրերին: Դեռևս կան մի շարք գաղափարներ, որոնց իրականացման համար ևս գումար է անհրաժեշտ: Ուստի, այս պահին անհրաժեշտ է տարեկան մոտ 500 մլն դրամ՝ նկատելի արդյունք գրանցելու համար», – ասում է Սարգիս Հայոցյանը։

Ինչպիսին կլինի ծրագրի հետագա ճակատագիրը, կախված է նախագահ Սերժ Սարգսյանի որոշումից, որի հետ նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է այսօր` մարտի 11-ին: Մինչ այդ մեր զրուցակիցները դժվարանում են խոսել հեռանկարներից: Եթե ծրագրի ֆինանսավորումը չփոխվի, ըստ Սարգիս Հայոցյանի, կհաջողվի հասնել միայն կոսմետիկ փոփոխությունների, սակայն ոչ մի բեկումնային փոփոխություն հնարավոր չի լինի գրանցել: Իսկ հավանականությունը, որ ֆինանսավորումը կավելանա, շատ չնչին է, քանի որ, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները,  հանրապետությունը գիտության հարցում ռազմավարական այլ ուղի է ընտրել: Երիտասարդները, սակայն, հույսը չեն կորցնում:

Անահիտ Սարգսյան