Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանն այսօր` հուլիսի 22-ին կհրապարակի իր եզրակացությունը Սերբիայից Կոսովոյի միակողմանի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ:
Ավելի քան 40 երկրներ ներկա կլինեն Հաագայի դատարանի դահլիճում, որտեղ այդ հարցով վճիռը դատարանի նախագահ կկարդա Հիսասի Օվադան:
Նման հանյցով դատարան դիմել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008-ի հոկտեմբերի 8-ին` Սերբիայի խնդրանքով: Այն ժամանակ այդ որոշման օգտին քվեարկել էին 77 պատվիրակություններ, 6 երկիր դեմ է արտահայտվել, եւս 74-ը` ձեռնպահ են մնացել: Միջազգային դատարանը այս խնդրի քննարկումն սկսել է 2008-ի հոկտեմբերի 10-ից:
Հաագայի դատարանում Կոսովոյի միակողմանի անկախություն հռչակելու հարցով երկշաբաթյա լսումներ են կայացել 2009-ի դեկտեմբերին: Բացի Սերբիայից ու Կոսովոյից, այդ լսումների ժամանակ հանդես են եկել 27 երկրների ներկայացուցիչներ:
Նշենք, որ միջազգային դատարանի որոշումը պարտադիր բնույթ չի կրելու: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ դատարանի որոշումը լինելու է երկիմաստ կամ լղոզված եւ հնարավոր չի լինելու այն միանշանակ մեկնաբանել այս կամ այն կողմի օգտին, որպեսզի նախադեպ չստեղծվի, որ մյուս երկրներն էլ նույն սկզբունքով ցանկանան անջատվել միմյանցից:
Հաագայի դատարանի որոշումը կայացվելու են 15 դատավորների քվեարկության արդյունքում:
Ներկայումս մթնոլորտը Սերբիայում ու կոսովոյում շատ լարված է. Բոլորը սպասում են միջազգային դատարանի որոշմանը: Այսօր երեկոյան նախատեսված է Սերբիայի կառավարության արտահերթ նիստ:




























