Հուլիսի 21-ին ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոսության աշխատակիցներին վերջապես հնարավորություն է տրվել Նյու Յորքի բանտում հանդիպել ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի հետ: Այս մասին հուլիսի 21-ին ասուլիսում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդաչուն ձերբակալվել էր մայիսի 28-ին՝ Լիբերիայում, թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով: Նյու Յորքի հարավային մարզի դատախազության մեղադրական եզրակացությունից երեւում է, որ 41-ամյա օդաչուն օդային ճանապարհով կոկաին է տեղափոխել:
Նրա պաշտպան Ալեքսանդր Բոժենկոն պնդում է, որ իր պաշտպանյալի ձերբակալումը եւ ԱՄՆ էքստրադիցիան անօրինական է, որով խախտվում են բոլոր հնարավոր հռչակագրերն ու օրենքները: Նրա խոսքով, ռուս օդաչուին Լիբերիայի բանտում երկու օր պահել են ձեռնաշղթաներով, նստեցրել են մի ոտքը կոտրված աթոռի վրա, առանց ջրի եւ բնական կարիքները հոգալու հնարավորության: Նրան ստիպել են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել: Երբ նա վերջապես ստորագրել է այդ փաստաթղթերի տակ, նրան տեղափոխել են ԱՄՆ: Գրում է mignews.com-ը:
Հուլիսի 19-ին Վաշինգթոնում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ պետդեպարտամենտին: Ռուսական իշխանությունները դժգոհ են, որ Յարոշենկոյի ձերբակալման մասին իրենց չեն հաղորդել:




























