Թայլանդի իշխանությունները չեղյալ են համարել ռուս դիրիժոր Միխայիլ Պլետնեւի վիզան` այդ երկրի անչափահաս քաղաքացուն բռնաբարելու մեղադրանքի հետ կապված: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Թայլանդի միգրացիոն ծառայության ներկայացուցչին:

Թայլանդի միգրացիոն ծառայությունը ռուս դիրիժորի անունը գցել է «սեւ ցուցակ», իսկ դա նշանակում է, որ երաժիշտը չի կարող մտնել այդ երկիր, եթե անգամ նրա վրայից այդ մեղադրանքը հանվի: Նրա վարքը գնահատվել է որպես Թայլանդին վնաս պատճառող:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հայտնի ռուս երաժիշտ, դաշնակահար ու դիրիժոր, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Պլետնեւը հուլիսի 4-ին ձերբակալվել է Թայլանդի Պատտայա հանգստավայրում: Նա կասկածվում է մանկապիղծների ցանցի հետ առնչություն ունենալու եւ անչափահասներին մարմնավաճառության մեջ  ներգրավելու մեջ:

Խուզարկության ժամանակ 53-ամյա դիրիժորի համակարգչում գտել են տեսանյութեր ու լուսանկարներ, որոնցում պատկերված են երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսարաններ: Դիտելով տեսանյութերը, իրավապահները այնտեղ տեսել են Պլետնեւին, ով տղա երեխաների հետ սեքսով է զբաղվում: