Երեւանում, այսօր՝ մարտի 12-ին, մեկնարկել է 5-րդ ArmNet-ը: «ArmNet 2015» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա վեբկայքերի եւ բջջային հավելվածների համահայկական «ArmNet Awards 2015»մրցանակաբաշխությունը, որը կոչված է գնահատելու ոլորտի տարվա ձեռքբերումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, բջջային տեխնոլոգիաների զարգացումները, բացի այդ կանցկացվեն  համացանցին եւ բարձր տեխնոլոգիաներին նվիրված համաժողով ու մի շարք սեմինարներ, որոնց մասնակից կդառնան այս ոլորտում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«2010 թվականին Orange-ն այս նախագծի համահիմնադիրներից է եղել, եւ ուրախ ենք արդեն հինգերորդ տարին շարունակ աջակցել ArmNet-ին: Այս տարիների ընթացքում ArmNet-ն իրոք դարձել է ավանդական՝ նշանակալիորեն նպաստելով հայկական ինտերնետ բովանդակության զարգացմանը: Այս 5 տարիների ընթացքում հայկական ինտերնետն ու բջջային հավելվածների ոլորտը կտրուկ զարգացում են ապրել. այսպես 2010 թվականին Հայաստանում տնային տնտեսությունների ընդամենը 29%-ն էր օգտվում լայնաշերտ ինտերնետից, 2014 թվականի վերջին այդ թիվը հասել է 75%-ի: Այժմ մեր հեռախոսասարքերի վաճառքի 86%-ը կազմում են սմարթֆոնները, այնինչ 2010 թվականին այդ ցուցանիշն ընդամենը 3% էր: Մեծ առաջընթաց է նկատվել նաեւ հայալեզու բովանդակության ստեղծման եւ որակի առումով», - ասաց Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

«ArmNet Awards 2015» մրցույթի մասնակիցները կմրցեն  «Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն եւ հարմարավետություն» եւ «Հասարակական ազդեցություն» անվանակարգերում, կտրամադրվեն գլխավոր մրցանակներ Լավագույն բջջային հավելվածի եւ Լավագույն վեբկայքի համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչեւ մարտի 26-ը, ժամը 18:00: Մրցույթին մասնակցության եւ գրանցման մանրամասները հասանելի են www.armnet.am կայքում:  

«Բջջային հավելվածներն ու ծրագրերը փոխել են մեր աշխարհը, այսօր հազիվ թե հնարավոր է պատկերացնել ժամանակակից ինտերնետ օգտատերի առանց Ինտերնետին միացած սմարթֆոնի:  Հատկապես անհրաժեշտ է նշել որ մեր վեբկայքեր եւ բջջային հավելվածներ մշակողները ստեղծում են մրցունակ փաթեթներ, այսպիսով նպաստելով ոլորտի զարգացմանը:  Այս տարի Ինտերնետ Հանրությունը սկսելու է գրանցել մեսրոպատառ «.հայ» վերջավորությամբ դոմենային անուններ, ինչը նույնպես վկայում է ոլորտի զարգացման մասին:  Ցանկանում եմ ArmNet մրցույթի  բոլոր մասնակիցներին հաջողություն՝ անկախ մրցույթի արդյունքներից, սա փորձ է, որ թույլ կտա իրենց ուժերն ավելի լավ գնահատել եւ ձգտել նոր հաջողությունների»,- նշեց Ինտերնետ Հանրություն ՀԿ փոխնախագահ  Գրիգոր Սաղյանը:

«ArmNet Awards 2015» մրցույթի ժյուրին կուսումնասիրի եւ կգնահատի բոլոր առաջադրված նախագծերը՝ մարտի 30-ին հրապարակելով յուրաքանչյուր անվանակարգում հավակնորդների անունները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 4-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Այս տարի ArmNet 2015 միջոցառումների մասը կազմող համաժողովը կկրի «2015 ինտերնետի եւ բջջային հավելվածների միտումները» խորագիրը: Համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի մասնագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,այդ թվում՝ MediaRu ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Նոսովին, Pediatr 24/7 բջջային հավելվածի ղեկավար Դենիս Յուդչցին, ինչպես նաեւ FrooZoo եւ Getmyway նախագծերի ներկայացուցիչներին: