Twitter-ն իր կայքի օգտատերերին արգելել է, այսպես կոչված, «պոռնովրեժխնդրության»՝ revenge porn շարքի նյութեր տեղադրել:

Սոցիալական ցանցը փոփոխություններ է մտցրել օգտատերերի համաձայնության մեջ, մասնավորապես, «Գաղտնի տեղեկություն» եւ «Վիրավորական պահվածքի վերաբերյալ քաղաքականություն» կետերում: Հիմա այնտեղ նոր պահանջներ են հայտնվել, որոնք արգելում են ինտիմ բնույթի տեսանյութի կամ լուսանկարի հրապարակումը՝ առանց դրանում պատկերված անձանց թույլտվության:

Նոր կանոններին չհետեւելու դեպքում ընկերության աշխատակիցներն արգելափակելու են դրանք խախտողների էջերը, իսկ նշված նյութերը փակելու են: Էջի արգելափակումը վերջնական չի լինելու, սակայն օգտատերը ստիպված է լինելու համաձայնել վերանշյալ տեսանյութի կամ լուսանկարի հեռացմանը:

Ըստ Informing-ի, այդպիսով Twitter-ը փորձում է պաշտպանել իր օգտատերերին, քանի որ վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարդիկ իրենց սիրելիից բաժանվելուց հետո վրեժխնդրությունից դրդված՝ նման նյութեր են հրապարակում:

Հավելենք, որ առանց լուսանկարում կամ տեսանյութում պատկերված անձից թույլտվություն ստանալու սոցիալական ցանցերում ինտիմ բնույթի նյութ հրապարակելու համար Ուելսում եւ Անգլիայում քրեական պատիժ է սահմանված: Նման հրապարակման համար օգտատիրոջը մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: