Ռուսաստանի բնակիչ Սվետլանա Դավիդովայի նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքով գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով նրա փաստաբան Իվան Պավլովին:
«Դավիդովայի վրայից հանվել են պետական դավաճանության բոլոր մեղադրանքները: Նրան ռեաբիլիտացիայի իրավունք է տրվել»,-ասել է Պավլովը:
Փետրվարի կեսերին Մոսկվայի քաղաքային դատարանը Դավիդովային ազատ էր արձակել՝ բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ: Կնոջ կալանքի որոշումը բողոքարկել էր նրա փաստաբանը:
Հիշեցնենք, որ բազմազավակ մայր Դավիդովան ձերբակալվել էր հունվարի 21-ին եւ տեղափոխվել Մոսկվայի քննչական մեկուսարան: Նրան մեղադրում էին պետական դավաճանության մեջ: Քննության տվյալներով՝ 2014-ի ապրիլին Դավիդովան Ուկրաինայի դեսպանատանը հայտնել էր, որ իրենց շենքի կողքին գտնվող զորամասը դատարկվել է, եւ ենթադրել, որ զինվորներին ուղարկել են Դոնեցկ՝ մասնակցելու ռազմական գործողություններին:





























