Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ մարտի 13-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկուն:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Ողջունելով դեսպանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց վերջինիս նշանակման առիթով: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ տիար Եժի Նովակովսկու դիվանագիտական գործունեությունը նոր խթան կհանդիսանա հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձան հայ ու լեհ ժողովուրդների պատմական կապերին, երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում առկա սերտ գործակցությանը: Իր խոսքում Նորին Սրբությունը գնահատանքով նշեց այն աջակցությունը, որ բարեկամ երկրները, որոնց թվում եւ Լեհաստանը, ցուցաբերել են Հայաստանին երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ճանապարհին:
Խոսելով Լեհաստանի հայ համայնքի մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց այն զորակցությունը, որ Լեհաստանի Կաթոլիկ Եկեղեցին ցուցաբերում է Հայ Եկեղեցուն հայ համայնքի հոգեւոր կյանքի կազմակերպման նպատակով:
Իր հերթին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը հանդիպման համար շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` մասնավորապես շեշտելով Հայ եւ Կաթոլիկ Եկեղեցիների ունեցած կարեւոր դերակատարությունը երկու երկրների ու ժողովուրդների կյանքում: Դեսպանը վստահեցրեց նաեւ, որ պետք է ըստ ամենայնի նպաստի հայ-լեհական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում եւ Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը եւ ոգեկոչման միջոցառումներին Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը:





























